September 16, 2008

Մենք մեր մասին

ԳԱԼԻՍ ԵՄ ՄՈՏԴ, ՈՐ ՀԵՏԴ ՉԼԻՆԵՄ
Կանանց Կողմնորոշված Կանայք կոլեկտիվ
Օգոստոսի 3-4, 2008, Երևան
Զարուբյանի 34, Կանանց Ռեսուրսային Կենտրոն և Ուտոպիանա

Կանանց Կողմնորոշված Կանայք։ Ցուցահանդեսային նախագիծ – Արփի Ադամյան, Շուշան Ավագյան, Սարա Չենս, Լուսինե Թալալյան, Ծոմակ, Անժելա Հարությունյան, Աստղիկ Մելքոնյան, Լուսինե Չերգեշտյան, Ադրինե Տեր-Պողոսյան, Ալինա Մարտիրոս

***

Բաժանումն ու մերձեցումը՝ սուբյեկտիվացման անկյունաքար
Անժելա Հարությունյան

Ցուցահանդեսի բացումը կայացավ օգոստոսի 3–ին Կանանց ռեսուրսային կենտրոնի ու Ուտոպիանայի այգում, իսկ 4–ին արդեն վիդեո ցուցադրությունների ծրագիր էր և քննարկումներ։ Ռուսական gazeta.ru–ի հայաստանյան թղթակիցը գրում է, թե ցուցահանդեսը Հայաստանում առաջին բնապահպանական–արվեստագիտական ակտիվությունն էր, իսկ լեհ համադրող Պավել Լեցկովիչը երևանյան իր տպավորությունների շարքում խոսում է միասեռ ու երկսեռ կանանց փորձը ներկայացնելու մասին։ Այնինչ, շատերը կարծես շփոթված էին ներկայացուցչության բացակայությունից, համենայն դեպս, այնպիսի ներկայացուցչություն, որպիսին միասեռ կնոջ փորձն ընկալում ու նյութականանցում է հետերո–նորմատիվ տեսողական ռեժիմի մեջ։ Շփոթմունքը կարծես պայմանավորված էր նաև միասեռական ուղղակի ու հստակ ուղերձի ու պատկերման կոդերի բացակայությամբ. չկային պոռնոգրաֆիկ գործեր, բացակայում էին պրովոկատիվ ժեստերը։ Թեմատիկ մեկ գծի բացակայությամբ ու պատասխաններ առաջարկելու փոխարեն հարցեր առաջադրելու հանգամանքով էր, որ ցուցահանդեսը ավելի շուտ դիսկուրսային նախագիծ էր, քան ներկայացում։ Կոնկրետ կանանց ֆենոմենոլոգիական փորձառության մասին խոսակցություն բացելով հանդերձ, այն չէր հավակնում ներկայացնելու կամ արտահայտելու այդ փորձը. խոսքը միասեռական ու տարօրինակող հայացքի մասին էր։

Հենց տարօրինակելն էր, որ Կանանց Կողմնորոշված Կանայք ցանցի մեջ ծառայեց որպես հավաքականություն ձևավորող անկյունաքար։ Տարօրինակող Ես–ին ու Ուրիշին, հայացքը երբեք չի կրկնվում, կամ միշտ կրկնվում է որպես՝ «նույնը, բայց ոչ այնքան»։ Հայացքի մեջ թաքնված այս ամբիվալենտությունն էր, որ բնորոշում էր նախագիծը՝ ոչ որպես վերջնական ցուցադրական արտադրանք, այլ երկխոսելու հարթակ։ Այս ամբիվալենտությունն էր, որ հայաստանյան շիկացած քաղաքական իրավիճակի մեջ խրված արվեստագետ–զրուցակիցները համարեցին քաղաքականապես ոչ հարիր կեցվածք. իրավիճակ, որ ըստ շատերի պահանջում է ուղղակի ու շեշտակի հայտարարություններ։ Հեղափոխական հրատապության ու ակտիվության փոխարեն նախագիծն առաջարկում էր ինքնանդրադարձ ու բանակցություն. արդյոք տեսանելությունը միշտ զորացնո՞ղ է։ Հնարավո՞ր է գտնել սուբյեկտիվացման այնպիսի ձևեր, որոնք չեն ենթադրում ինքնության արտահայտում և որտեղ այն, ինչ տեսանելի է, խաբուսիկ է, իսկ անտեսանելին ու անիրականանալին՝ երբեմն առավել իմաստալից։ Միգուցե տեսանելիության ու անտեսանելիության, անձի ու ուրիշի հարաբերման, բաժանման ու միացման դիալեկտիկայի արանքում է հնարավոր արտիկուլացնել հետերո–նորմատիվ սուբյեկտիվացման ձևերին այլընտրանքային մեխանիզմներ։

Այն ժամանակ, երբ հետմոդեռնիզմի ինքնության քաղաքականությունը ապրանքայնացնում է ինքնություններն ու տարբերությունները՝ որպես այդ տարբերությունների նշան ընդունելով ինքնության արտաքին ու ինքնաոճավորված արտահայտությունները, առևտրականացնում ու բյուրոկրատացնում ցանկությունները, «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» նախագիծը չի բացառում մերձեցման ու բաժանման դիալեկտիկայի մեջ ցանկության ձախողումը կամ չցանկանալու ցանկությունը։ Այն շարունակական երկխոսություն է, որ նաև չի բացառում երկխոսության ձախողման հնարավորությունը։

***

Հարցազրույց Կանանց Կողմնորոշված Կանայք խմբի անդամների հետ, ովքեր միասեռ կանանց ինքնաքարտեզագրման նախագծի շրջանակներում կազմակերպել էին «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» ցուցահանդեսը:

Շուշան Ավագյան

Ինքնաքարտեզագրման գաղափարը առաջացավ շատ ինքնաբուխ, 2007-ի դեկտեմբերին ես ու Սարան գնացել էինք Չիկագոյի արվեստի ինստիտուտի ցուցահանդեսներից մեկը տեսնելու, որը սկսեցինք քննարկել Կանանց Կողմնորոշված Կանայք էլ-ցանցում. «Աշխատանքը հենց Չիկագոյի տարբեր փողոցների, «քուչաների», ու շենքերի մասին է: Օգտագործված են տարբեր տեխնիկաներ` ասեղնագործություն, լուսանկարչություն, գրաֆֆիտի, մեկը արաբական համեմունքների փոշուց «մանդալա»-ի պես քարտեզ էր կառուցել` Չիկագոյի արաբական թաղամասը որպես ինքնաքարտեզ: Այսինքն քաղաքի տոպոգրաֆիան՝ ըստ քո թարգմանության ու արտահայտման: Կային նաև վիդեո-ինստալիացիաներ . . . »: Անժելա Հարությունյանը պատասխանեց. «Ինքնաքարտեզագրման գաղափարը շատ հավանեցի, մանավանդ որ կապված է այն խնդիրների հետ, որոնցով վերջերս հետաքրքրվում եմ` երևակայական աշխարհագրության, ֆանտազմիկ տոպոգրաֆիա, քաղաքը ոչ թե այնպես, ինչպես իրականում կա, այլ այնպես, ինչպես մեր մեջ է, ինչպես որ մենք ենք պատկերացնում կամ զգում մեր մարմնով: Իմ կարծիքով քաղաքը տարբեր ձևով (քան այն, ինչ մեզանից պահանջում է նշանային կամ սիմվոլիկ ռեժիմը, այն պահվածքը, վարվելակերպը, որ ձեռնտու է ուժի կամ իշխանության կառույցներին) երևակայելու մեջ ռադիկալ պոտենցիալ կա – քաղաքի տարածությունը մեր ձևով` հիշողությունների միջոցով յուրացնելու առումով: Կարելի է նաև քարտեզագրման միջոցով հարց բարձրացնել, թե վերջին քաղաքային փոփոխությունները ցանկության ու սուբյեկտիվացման ինչ ձևեր են թելադրում»:

Ապա բոլորս սկսեցինք լուրջ խորհել ու կիսվել մեր պատկերացումներով ու գաղափարներով: Լուսինե Չերգեշտյանը գրեց հետևյալը. «Քարտեզագրման նախագիծը մտածում ենք անել ընկերության և սիրո տոպոգրաֆիա, հիշողություններ ըստ խրոնոլոգիայի, թե որտեղ և երբ ենք առաջին անգամ խոսել միասեռականության մասին, այն տարածքների մասին որտեղ մեզ լավ և ազատ ենք զգացել, կամ ճնշված, որտեղ միավորվել ենք, որտեղ գտել ենք մարդկանց, ովքեր հասկացել են մեզ ու ում մենք ենք հասկացել . . . »:

Աստղիկ Մելքոնյանը սկսեց մտածել ինքնաքարտեզագրման մասին՝ որպես պերֆորմատիվ ակտի. «Զույգերի սիլուէտներ են լինելու, դեռ չեմ որոշել, թե քանի հատ, բայց մեծ են լինելու, կամ էլ ոչ շատ մեծ, ու հատակի վրա. արվելու է ալյուրով. ցանելու եմ խոհանոցային ալյուրի մաղով, այսինքն մեծ տրաֆարետ եմ պատրաստելու, ապա ալյուր ցանեմ ու հետո պատկեր ստանամ . . . ուզում եմ տարբեր տեղեր անեմ, բայց նաև ինձ պետք է որ մարդիկ առընչվեն այդ պատկերի հետ. . . »: Մարտին մեզ միացան Ադրինե Տեր-Պողոսյանն ու Ալինա Մարտիրոսը Կանադայից: Իսկ օգոստոսին բոլորս` Արփի Ադամյանը, Աստղիկ Մելքոնյանը, Ծոմակը, Լուսինե Թալալյանը, Ադրինե Տեր-Պողոսյանը, Լուսինե Չերգեշտյանը, Ալինա Մարտիրոսը, Անժելա Հարությունյանը, Սառա Չանսն ու ես հավաքվեցինք Զարուբյանի 34-ի պարտեզում:

Առաջին հարցս ուղղված է Լուսինե Թալալյանին. Ինչու՞ էր քեզ համար կարևոր մասնակցել (երբ դիտարկում ու մտածում ես այս պահին, ցուցահանդեսից մոտ մի ամիս անց) ինքնաքարտեզագրման մեր նախագծին: Ինչպիսի՞ սպասումներ ունեիր նախագծի ստեղծման սկզբնական փուլում` 2007–ի ամռանը, և ապա վերջում, այսինքն՝ մեկ տարի անց: Ո՞րն էր քեզ համար ամենատարօրինակ կամ անսպասելի պահը: Օրինակ, ինձ համար զարմանալի իրականությունն այն էր, որ տեղական լրատվական ծառայություններից և ոչ մեկը նախագծի մասին մի խոսք անգամ չարտասանեց. միայն ռուսական gazeta.ru-ն արձագանքեց կարճլիկ մի հոդվածով:

Լուսինե Թալալյան: Երբ նոր էինք սկսել մտածել նախագծի մասին ու տեղի էին ունենում առաջին հանդիպումները, հավատում էի, որ կհամախմբվենք մի խումբ կանանցով ու կփորձենք հասկանալ մեր սեռականությունը, մեր տեղն այս հասարակության մեջ ու նաև արվեստի միջավայրում: Կապը հասարակության հետ երևի միակ պատճառներից էր, որ մեծ վեճեր առաջացրեց, ու մի քանի արվեստագետներ հրաժարվեցին մասնակցել։ Չգիտեմ, կարող է՝ դա չէր միակ պատճառը, բայց ամեն դեպքում այդ ցանկությունը մեծ հաշվով չիրականացավ: Միակ կապը պլակատներն էին, որ փակցրեցինք փողոցներում ու բլոգի ստեղծումն էր, և իհարկե լրագրողներին հրավիրելը: Բայց ամենացանկալի սպասումը, որ իրականացավ՝մեր բոլորի համախմբվելն էր, ու այն, որ նախագիծը կայացավ: Սա իմ իմացած ու մասնակցած միակ ցուցահանդեսն էր, որ բոլորով միասին կարողացանք հասցնել իր, չգիտեմ, վերջին կամ միգուցե և սկզբին, լինելով այսքան տարբեր, բայց կարևորելով նմանությունները (հենց դա էր շատ ցնցող)։ Սա ինձ հիշեցրեց, որ Սովետական Միության ժամանակ դատում էին միասեռ տղամարդկանց, իսկ կանանց` ոչ. շատ քչերը դա հիշելով ասում են, որ տղամարդիկ ավելի ճնշված էին, քան կանայք (միասեռ հասկացությունը միշտ կապված է եղել տղամարդկանց հետ, նրանց են բանտարկել, նրանց են պատժել, և այլն): Բայց երևի թե խնդիրը ուրիշ տեղ է. Այն, որ չեն դատել կանանց , այսինքն՝ որ կնոջ խախտումը չի արժեվորվել որպես հասարակության «խախտում» ու այդպիսով՝ լիովին անհետացվել հասարակության գիտակցությունից, շատ նման է այսօրվա պատկերացումներին։ Երբ մեր նախագծին չեն անդրադառնում թերթերում, դա էլ հենց նույն ցենզուրի, կրճատման քաղաքականությունն է. կանանց միջև սեռական կապը չի կարող լուրջ լինել կամ ընկալվել, ու հետևաբար այդ մասին խոսելն էլ անիմաստ է . . .

Շուշան Ավագյան: Ո՞րն է քո կարծիքով մեր բոլորիս վախը հասարակության հանդեպ: Մեր նախագծում մասնակցող մի շարք կանայք, ինչպես նաև դու, ցուցադրվել էին նաև այլ բավականին նշանավոր ցուցահանդեսներում, բայց այդ ցուցահանդեսներում ձեր աշխատանքը չէր կրում ոչ մի միասեռական պիտակավորում:

Լուսինե Թալալյան: Ես իմ հասարակական վախերից խոսեմ: Նախ առաջին վախն այն է, որ ես չեմ խոսել իմ ծնողների հետ, ինչքան էլ մտածեմ կամ ենթադրեմ կամ հավատամ, որ իրենք գիտեն, բայց չեն ուզում ԼՍԵԼ, ու ես էլ չեմ ուզում խոսել նրանց հետ: Սկզբում վախենում էի, որ իրենք կիմանան ուրիշ տեղից, ուրիշներից, բայց շատ տարօրինակ է՝ հիմա դրա մասին էլ չեմ մտածում: Եթե իմանան ուրիշներից` շատ լավ, բայց ես չեմ պատրաստվում ի հայտ գալ իրենց: Չգիտեմ, միգուցե հետո ուրիշ ձևով մոտենամ հարցին, չգիտեմ . . .
Բայց ամենամեծ վախս միշտ եղել է, որ չդառնանք գործիք, չլինի այնպես որ մեզ ոչ միայն չքննադատեն կամ չպիտակավորեն, այլ հակառակ մի բան ստացվի. հանկարծ ֆինանսավորեն ու ասեն՝ ինչ լավ բան եք անում, մենք առաջադեմ ենք ու ընդունում ենք ձեզ, և օգտագործեն մեր խնդիրներն իրենց շահերի համար, այսինքն՝ մեզ վերածեն իդեալոգիական ինչ-որ նմուշների: Առաջինի դեպքում (քննադատություն) կարծում եմ, որ հնարավոր է ստեղծել/ունենալ անկեղծ երկխոսություն, իսկ երկրորդի դեպքում՝ կորչում է երկխոսության հնարավորությունը, կորչում են հարցերը, ապա կորչում ենք և մենք: Այս պատճառով էլ կարևոր է, որ մենք չունեցանք միջազգային ֆինանսավորման աղբյուր, ամեն ինչ արեցինք մեր ուժերով ու կարողություններով:

Ցուցահանդեսի դեպքում պիտակավորումն ո՞ւմ կողմից ի նկատի ունես, Շուշան, արվեստաբանների՞, թե՞ արվեստագետների. Ցուցահանդեսներին հիմնականում միայն իրենք են ներկա լինում: Օրինակ, այս պահը շատ հետաքրքիր է. ես մոռացել էի իմ ու Տաթևիկի (Հակոբյան) 2004-ի ցուցահանդեսի մասին , որ կոչվում էր «Ամեն ոք, ով մոլորություն ունի իրեն խաբված չհամարելու»: Հիշու՞մ ես, որ ասում էի, թե իմ գործերի մեջ երբեք չեն քննարկել միասեռական սիրո մասին (բայց որ մոռացել էի՝ արդեն ինչ որ բան նշանակում է)։ Սուսաննա Գյուլամիրյանը համադրողն էր, ու ամբողջ տեքստը հենց միասեռական ձախողված սիրո մասին էր, ու այդ ժամանակ պիտակավորվեց այդ ցուցահանդեսը, թե չէ՝ համենայն դեպս ես այդ մասին չեմ իմացել: Հետո, իհարկե, ինքնաքարտեզագրման մեր այս նախագիծն էր, որ հնարավոր դարձրեց Հայաստանի արվեստի միջավայրում միասեռականության մասին խոսել հանրային ձևով, ու այն էլ՝ ոչ որպես բամբասանք: Այսօր ես, Արփին ու Լարան խոսում էինք ցուցահանդեսի մասին, ու այն որ նախագիծը մեզ համար կայացավ ու մեր խնդիրը հեչ էլ վերջնական «արտադրանք» տալու մեջ չէր . . .

Շուշան Ավագյան: Արփի, անցյալում մասնակցել ես տարբեր ցուցահանդեսների. տարբե՞ր էր արդյոք այս ցուցահանդեսը քեզ համար, ինչպե՞ս: Ինչո՞վ է պայմանավորված քո ինքնաքարտեզագրման պրոցեսը:

Արփի Ադամյան: Առաջին անգամ ցուցադրվել եմ ՆՓԱԿ-ում, երբ 15 տարեկան էի. դեռ Գեղարվեստի ակադեմիա էլ չէի ընդունվել: Դրանից հետո պարբերաբար մասնակցել եմ այնտեղ կազմակերպվող խմբային ցուցահանդեսների: Ծանոթանալով արվեստագետ աղջիկների` Լուսինեի, Ասյայի հետ, որոնք ինձանից տարիքով մեծ էին, կարելի է ասել, որ նրանցից շատ բան եմ սովորել: Կարծում եմ դրանից է, որ իմ համար միասեռ լինելը երբեք էլ տարօրինակ չի եղել (զարմանալի հակասություն ստացվեց մեր «տարօրինակ» բառի հետ): Իմ մեջ դա հայտնաբերելը երբեք էլ վրդովեցուցիչ չէր: Դրա համար էլ կուզեի շնորհակալություն խնդրել Լուսինեներին (Թալալյան ու Չերգեշտյան), Ասյային, Սոնային . . .

Շուշան Ավագյան: Թալալյան Լուսինեի հետ համագործակցությունը ինչպե՞ս հղացավ ու վերջում ի՞նչ տեսք ստացավ: Արդյոք այդպե՞ս էիր պատկերացնում գործն ի սկզբանե:

Արփի Ադամյան: Լուսինեի գործերի հետ միշտ էլ զգայական մեծ կապ եմ ունեցել. դրանք ինձ համար եղել են իմ գեղանկարչության շարժվող պատկերների տարբերակը: Միգուցե Լուսինեն ինձ հետ համաձայն չի. խոսում եմ իմ ընկալման մասին: Անխոսք, դրանցում տարբերություններ էլ են եղել, բայց խոսելով նմանություններից, ուզում եմ միասնությանը ավելի տեղ տալ: Իմ կարծիքով մեր միասին ստեղծագործելու պատճառը հանդիսացավ այն, որ վերջին ամիսներին շատ էինք ազդվում միմյանցից: Սա իմ համար շատ արժեքավոր պահ է, քանի որ արվեստագետների «հիվանդությունը»` օրիգինալ, անկրկնելի լինելը, տեղ տվեց մեկ այլ բանի` միասնականությանը, միասին խնդիրներ կիսելու հայացքին . . .

Մի քանի համագործակցություններ ունենալուց հետո, կարող եմ նշել, որ սա իմ առաջին հաջողված համագործակցությունն է, որը չսահմանափակվեց միայն ցուցահանդեսի մեկ շաբաթվա մեջ, այլ շարունակվում է մինչև օրս: Մի խոսակցության ժամանակ Թալալյան Լուսինեն ասեց, որ մեր մոտ ստացվում է իրար «տալ ու վերցնել»: Նշում եմ սա, քանի որ իմ համար շատ կարևոր է նաև իր կարծիքը այս ամենի շուրջ:

Հարցնում էիր թե ինչ տարբերություն կա այս ցուցահանդեսի ու նախկինում եղածների միջև . . . Չգիտեմ, այն կա, թե ես եմ ուզում տեսնել, բայց առաջ երբեք չի եղել արվեստագետների, մասնակիցների միասնություն: Այսօր իմ համար երևի թե համար մեկ խնդիրն է միասնությունը. դրա ձևերը փնտրելը, միմյանց հաշվի առնելով, միմյանց տեսնելով ու լսելով, կամ այլ ձևերով: Այ սա էր այն, ինչ փնտրում էի ու մասամբ ստացել եմ:

Շուշան Ավագյան: Ի՞նչ է նշանակում «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ»։ Ինչպե՞ս է այն նկարագրում մեր ցուցահանդեսը:

Անժելա Հարությունյան: Կարծում եմ՝ մի կողմից վերնագիրը խմբային` ու միջ-անձնական հարաբերությունների դիալեկտիկան է արտահայտում, մյուս կողմից` շատ ինտիմ, միջ-անձնականը: Սրա մեջ կա միասին լինել-չլինելու գաղափարը: Այսինքն՝ խմբային հաղորդակցությունը տեղի է ունենում ոչ թե կոլեկտիվ համաձայնության վրա, որը միշտ մեծամասնության կոնսեսուսն է, այլ նաև կոլեկտիվ անհամաձայնության վրա: Հիմնական Խոսողը` սուբյեկտը`«ես»-ն է, բայց որը միաժամանակ չի բացառում դիմացինի սուբյեկտիվությունը` այսպիսով վերաբերելով Ուրիշին ոչ թե որպես օբյեկտի, այլ նույնպես ցանկացող սուբյեկտի: Բայց այս ցանկությունը չի բացառում նաև չցանկանալու կամ ավելի ճիշտ՝ ցանկության ձախողման ցանկությունը: Կարծում եմ՝ ցանկության այս կետում է, որ վերնագրի երկու` կոլեկտիվ ու ինտիմ միջանձնական ասպեկտները խաչվում են: Միաժամանակ երևի վերնագիրը բյուրեղացնում մեր վախվորվածությունը` տեսանելի լինել-չլինելու առումով . . . Մենք բացվում, ի հայտ ենք գալիս հանդիսատեսի առջև, բայց միայն ու միշտ մասնակիորեն . . .

Լուսինե Թալալյան: Կանայք միշտ սպասել են ու սպասում են տղամարդուն, օրինակ` Ոդիսևսի կինը՝ Պենելոպեն: Իսկ այս դեպքում կին է գալիս, ու չգիտես՝ թե ում մոտ. այստեղ կինը կարծես դառնում է և ներկա, և բացակա ու խախտում է նաև սպասման կարծրատիպը:

Ադրինե Տեր-Պողոսյան: Ուզում ենք ասել ուրիշին, որ փորձում ենք մոտենալ, բայց որ մենք տարբեր ենք, տարբերվում ենք ու մոտենում ենք՝ առանց այն ակնկալման, որ պիտի լինենք նման, որ հասկացվենք: Ուզում ենք ընդունվենք այնպես, ինչպես որ ենք (միասեռ կանայք, այսինքն՝ «տարօրինակ»), ու չենք ուզում փոխվել որ նմանվենք քեզ: Մենք մենք ենք ու այսքան բան, հա՞։

No comments:

Post a Comment