October 31, 2008

մաս մաս առաջինից

. . .

Քաղաքավարությունից ելնելով, կամ ո՞ր քաղաքից: Ո՞ր քաղաքի վարվելաձևերից ելնելով կամ վայելուչ ո՞ւմ համար և ինչո՞ւ պիտի ելնենք ու հիմնվենք հենց մի (այդ) քաղաքի վարք ու բարքերին: Բայց սկիզբը նման է բոլոր մյուս սկզբներին: Այն անհանգիստ է և ստեղծում է մեր մեջ անհանգստություն, քանի որ ստեղծվում է այն զգացմունքից որ անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ բան որ վերջ կդնի հանգիստ կամ բթացնող մեր առօրյային: Գիտությունը կրնկնության աղջիկն է:

-- Կարդացե՞լ ես նրա նոր վեպը, ոնց էր վերնագիրը . . . հիմա չեմ հիշում: Մաս-մաս տպվում է «Ինքնագրում»:

-- Վե՞պ . . . ի՞նչ վեպ:

-- Վերնագիրը չեմ հիշում: Կարծեմ «Զարգարյանի աղջիկները» . . . կամ թե «Զարգարյանի դասարանում» . . . Վստահ չեմ, բայց ոնց որ հիշում եմ վերնագիրը հաստատուն էր, այս անգամ, որոշակիորեն նպատակադրված:

-- Որոշակի ի՞նչ . . . Ի՞նչ: Ի՞նչ նպատակ: Ո՞ւմ համար . . . Ո՞վ է կարդացել:

-- ___________________-ը . . . Ասում էր, վեպը ճիշտ է, ինչ որ տեղ երկխոսություն է ինքն իր հետ, բայց այնուամենայնիվ ընթերցողին էլ է ներգրավում ու նվիրված է սիրելի մարդկանց:

-- Ո՞ւ . . .

-- Ու շատ կարևոր է, երբ գրքի սկզբում կամ վերջում, բայց ավելի լավ է սկզբում, գրողը նշում է, թե ինչի համար է ինքը գրում, ինչի համար է ինքը կարիքը զգացել այդ գիրքը գրելու . . .

-- Բայց դու, այ դու ինչ ես մտածում, քո կարծիքը ո՞րն է:

-- Ես չեմ կարդացել, ճիշտն ասած, բայց այ _________________-ը ասում էր, թե նրա գրած ամեն մի հատվածն ընթերցողին կլանում է . . . բնատուր տաղանդի շնորհիվ: Անցած հինգշաբթի այդպես նստած էինք Կարմիրում . . . վիճում էր ____________________-ի հետ:

-- Ո՞ւմ հետ . . . Որ ի՞նչ . . .

-- Դե _____________-ն ասում էր որ նրա ամեն մի հատվածը, դե գիտես, նա հատվածային է գրում, որ նրա գրականությունը հոսում է առվակի նման . . .

-- Ի՞նչ առվակ . . . Եթե հատվածային է գրում . . . չեմ հասկանում:

-- Դե դրա համար էլ _______________-ն ասում էր, ու ______________-ը իհարկե չէր համաձայնվում, բայց ասում էր թե նրա ասելիքը դառնում է բառ, իսկ բառը` տեքստ, ու տեքստն իր հերթին ճանապարհ դեպի գրողի ներաշխարհը . . .

-- Ի՞նչ . . . Դու երևի . . . Ի՞նչ . . . Երևի ուրիշ գրքի մասին ես խոսում . . .

-- Բայց դու ի՞նչ ես հասկանում . . . Նրա լեզուն, ինչպես և թեման անբռնազբոսիկ է: Նա ստեղծում է գրականություն մի լեզվով, որով խոսում է, ինչը կարծում եմ, մեր գրականության ամենակարևոր խնդիրներից մեկն է, հաղթահարել գրական ու խոսակցական լեզուների տարբերությունը:

-- Ինչի՞ մասին . . .

-- Նու, բարդ է այդպես միանգամից նկարագրել, ______________-ը իհարկե մի քանի անգամ կարդալուց հետո, պետք է, անհրաժեշտ է մի քանի անգամ վրայով անցնել, ասում է, ու հենց այնպես չէ, այլ ուշադրություն պիտի դարձնես ամեն բառին, տարբեր կերպարների ու գրքերի սինթեզ է, իսկ թեման, նու չգիտեմ, կարող եմ այսքանը ասել` անդրադառնում է մեր ներկա ժամանակին, այսօրվա մասին է . . .

Նա ուներ մի սովորույթ:

Բացի այդ, ուզում էր որ սկսեմ նկարագրել Արաքսին:

Ու հիշում է. վեց-յոթ տարեկան հասակում, երբ քունը չէր տանում, սպասելով ու ձանձրույթից, իհարկե, անքուն ու ձանձրացած զննում էր պաստառի զարդանախշերը, բաց կապույտ ֆոնին մանուշակի թերթերի նման շեղակիորեն թեքված մեծ rաձև, ու տեղ-տեղ գծերը չէին համընկնում, չէին շարունակվում, ու նա մտովի փորձում էր գտնել այդ կիսատ նախշերն ու շարունակել իր պատկերացմամբ, բաց մասերը լրացնել իր անհամաչափ ու ձանձրացած նախշերով:

Նկարագրի, ասում է, գրինրանկարը, եթե Արաքսը նկար է, պատկերավոր ու նկարագրելի, եթե Արաքսը նկարանման է ու երկչափ: Գրի Արաքսի մասին, ու գրի նրան առանց նկարի: Ի՞նչ է նկարագրությունը, եթե չունենք նկար: Գրի ցանկությունը: Որ ցանկանում եմ գրես ու գրելով հիշեցնես, բայց նորովի ու նոր ձևով, որ նորից հասկանամ, որ զգամ նրա ներկայությունը ու նրա տեղ-տեղ բացակայությունը ու անհանգստությունը որով պարուրվում եմ այդ բացակայությունից: Հիմա այս վայրկյանիս այս տողում ստեղծում ես անորոշ, անդուր մի զգացմունք, որ ակնկալում եմ, սպասում եմ իզուր, ու կանխազգալով հիասթափվում եմ որ չի լինելու նկարագրություն, որ չունես նրան նկարագրելու կարողությունը, որովհետև հասկանում ես գիտես աղոտ կերպով զգում ես որ ձախողվելու ես ու միայն այդպես, հասկանալով ու զգալով ու հասկանալու ու զգալու համար:

. . .

No comments:

Post a Comment