August 5, 2009

ատրակցիոն (նախավերջին ու վերջին մասեր)

>>>

Գ. ԱՐԱՐ

Ա. ՏԵՍԱՐԱՆ

(Նույն տեսարանը: Իրիկնամուտ: Մշուշի մեջ կորել են ափերն ու ջրերը: Նավավարը շտապով գալիս է թիերը ուսին:)

ՆԱՎԱՎԱՐ -- Երևի մոռացել է, տարվել նկարով . . .

(Մտածկոտ ուղղում է նավակը, հարմարեցնում և լաթով սրբում նստարաններն ու հատակը:)

ՆԱՎԱՎԱՐ -- Գուցե անձրևից հետո փոշմանեց . . . չի գա . . . (Հեռվից երևում է Զավենի ուրվագիծը): Բայց առավոտյան տրամադրությունը բարձր էր, երբ գնացի մոտը: (Նկատելով Զավենին): Բարի երեկո:

ԶԱՎԵՆ -- Հուսամ, որ բարի է: (Հենվելով նավակին, ծխում է):

(Մի քանի րոպեից հայտնվում է Հեղինեն):

ՆԱՎԱՎԱՐ -- Ամեն ինչ պատրաստ է: (Մեղմորեն): Կարծում էի որ չես գա . . .

ՀԵՂԻՆԵ -- Եվ թողնեի որ առանց ինձ մտնես ծո՞վ: (Զավենին): Բարի երեկո . . .

ԶԱՎԵՆ -- (Համբուրելով Հեղինեի ձեռքը): Բայց տեսեք, մշուշով ենք պատված շուրջբոլոր . . .

ՀԵՂԻՆԵ -- Թողնենք ընկճվածությունն ու տարակուսանքը ծովեզրին: (Նավավարին): Գնացի՞նք:


Բ. ՏԵՍԱՐԱՆ

(Մթության մեջ, ջրերի վրայով մեղմ սահում է նավակը. նավավարը զգուշորեն թիավարում է ալիքներից խուսափելով, Հեղինեն մատիտով նկարում է տետրակի մեջ, Զավենը նստած է մի կողմ թեքված, ձեռքում ճրագ է վառվում:)

ՆԱՎԱՎԱՐ -- Շատ հեռացանք ափից . . . Մշուշի մեջ ամեն ինչ դառնում է մի տեսակ անճանաչելի: Ծանոթ կերպարներն էլ դուրս են գալիս իրենց դերերից: Զարմանալի է . . .

ՀԵՂԻՆԵ -- (Խորասուզված նկարի մեջ): Այդ ի՞նչ է արդյոք:

ՆԱՎԱՎԱՐ -- (Ժպտալով): Քո անվախության դրդապատճառը:

ՀԵՂԻՆԵ -- Բայց չէ որ յուրաքանչյուրս էլ օժտված ենք մենք մեզ վերափոխելու . . . (Զավենին): Լռում եք . . . Ի՞նչ եղավ Պետերբուրգից հետո:

ԶԱՎԵՆ -- (Առանց հայացքը շեղելու): Ուզում էր գնալ Փարիզ ու գնացինք: Շուտով ծանոթացավ Էմիլ Բեռնարի հետ ու հաճախ երեկոներն անց էր կացնում նրա արվեստանոցում: Այնտեղ էլ հանդիպեց ամերիկացի դաշնակահարուհուն, որն ապրում էր Լատինական թաղամասում: Ու մի օր ինձ հրավիրեցին իրենց հերթական էքսցենտրիկ հավաքույթներից մեկին . . .

ՀԵՂԻՆԵ -- Մի փոքր թեքեք գլուխը դեպի ինձ: Կներեք որ ընդհատեցի . . .

ԶԱՎԵՆ -- (Գլուխը թեքելով): Ինչպես և ակնկալում էի, հավաքվել էին տարբեր տիպի մարդիկ. նրան միշտ էլ ձգում էր նման տարաշխարհիկ մթնոլորտը: Ինձ տեսնելուն պես փաթաթվեց, ուրախ էր . . . ծանոթացրեց Օսկար Միլոշի հետ: Հետո երբ հյուրերը պակասեցին, դաշնակահարուհին նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել . . . (Մի պահ դադարից հետո): Չգիտեմ ինչպես նկարագրեմ նրա նվագը . . .

ՆԱՎԱՎԱՐ -- (Պայքարելով ալիքների հետ): Անհնազանդ . . .

ԶԱՎԵՆ -- (Սթափվելով նավավարի ձայնից): Այո, տարօրինակ մի սոնատա . . . որ չի հնազադնվում մատներին, ասես պոռթկում է մատների տակից անկառավարելի ցանկությամբ . . . Արտառոց նոտաներ, որ պատռում են կուրծքդ, հանում սիրտդ ոսկորների թաքստոցից ու վերքի մեջ մխրճում վառվող ածուխը . . .

ՀԵՂԻՆԵ -- (Մի քանի վայրկյան ուշադիր հետևում է Զավենին):

ԶԱՎԵՆ -- Դուրս եկա պատշգամբ, որ ծխեմ . . . երբ վերադարձա մեծ սենյակ, դաշնակահարուհին այլևս այնտեղ չէր ու նա էլ չկար: Սանդուխներով իջա առաջին հարկ ու մտա գրադարան . . . Երևի մոտ մի ժամ տարվել էի գրքերով, հրաշալի հավաքածու ուներ, թե դասական, թե ժամանակակից գրականությունից: Հետո նորից լսվեց դաշնամուրի ձայնը . . . (Նայում է Հեղինեին): Բարձրացա վեր . . . դաշնամուրի մոտ նստած էր մեկ ուրիշը: Մտա կողքի կիսախավար սենյակը . . . Անտանելի տոթ էր . . . հեղձուկ ու ծանր օդից գլուխս սկսեց պտտվել: Անկյունի բազմոցին տեսա Արմենին, կիսապառկած դիրքում . . . նրա դիմացը . . . ծնկի իջած դաշնակահարուհին, նրա բարակ երկար մեջքը` կռացած դեպի նա . . .

ՀԵՂԻՆԵ -- (Շարունակում է լուռ նկարել):

ԶԱՎԵՆ -- Ինձ նկատելուն պես հեգնորեն ժպտաց . . . ու եթե դուրս չգայի, եթե չիջնեի սանդուխներով ցած, օդի ծանրությանը պիտի չդիմանայի, ամեն ինչ արդեն փլվում էր վրաս ու մատներս այլևս իմը չէին, նրանք այլևս չէին ակնկալում, չէին ցանկանում ապրել ինձ հետ, չէին հպատակվում: Ուզում էի քայլել դեպի Սենը, բայց ասես հիվանդանոցի սենյակիս վարագույրով շղթայված, ոտքերս ինչ-որ սև փողոցով քշում էին առաջ . . .

ՀԵՂԻՆԵ -- (Նկարը կիսատ թողնելով ու դնելով պայուսակի մեջ): Վերադարձեք ինձ հետ Երևան . . . Վերակառուցումներից հետո քաղաքում տիրում է մի լրիվ ուրիշ տրամադրություն . . . այն իրոք դարձել է անճանաչելի:

ԶԱՎԵՆ -- (Գլուխը իջեցնելով): Դեռ պատրաստ չեմ . . .

ՀԵՂԻՆԵ -- Ինչո՞ւ ոչ . . . Ուզում եմ ասել, որ Երևանում մարդիկ ավելի հանգիստ են քայլում փողոցներով . . . Այնտեղ առավելությունը տրվում է ոչ թե կյանքի փաստերին, այլ մշակույթին ու նախևառաջ կյանքի վայելքին . . .

ԶԱՎԵՆ -- Բայց չէ որ ինքներդ էիք ասում, որ կնոջ համար անհնար է Երևանում ինչ-որ բան ստեղծել . . . մասնակցել մշակույթի կառուցմանը:

ՀԵՂԻՆԵ -- Գրեթե . . . գրեթե անհնար է: Պիտի փոխենք . . .


Դ. ԱՐԱՐ

Ա. ՏԵՍԱՐԱՆ

(Փոքրիկ անշուք կայարան: Պատի տակ նստած են մի քանի քնհատ կանայք: Հեռվից լսվում է ծովի շաչյունը. ամպոտ առավոտ է: Գալիս է նավավարը կոկ հագնված ու մի զամբյուղ ձեռքին. նստում է առանձին պատի տակ, գծին մոտիկ:)

ՆԱՎԱՎԱՐ -- (Տրտում նայում է անցուդարձող մարդկանց): Ամառն էլ գնաց: Գնաց, ի՞նչ անես, էլ հետ չի գա . . . (Նկատում է Հեղինեին, կանգնում է):

ՀԵՂԻՆԵ -- (Ձեռքին մեծ թղթապանակով ու ճամպրուկով, մոտենում է նավավարին): Եկե՞լ ես արդեն:

ՆԱՎԱՎԱՐ -- (Հուզված): Եկել եմ, եկել . . .

ՀԵՂԻՆԵ -- (Զամբյուղին նայելով): Ո՞ւր ես գնում:

ՆԱՎԱՎԱՐ -- (Անվստահ): Քեզ համար է այդ . . . նվերս վերջին . . .

(Նրանց է մոտենում Զավենը:)

ՀԵՂԻՆԵ -- (Ժպտալով): Ուրախ եմ որ եկաք:

ԶԱՎԵՆ -- Չէի կարող չգալ . . . (Լսվում է մոտեցող գնացքի դղրդյունն ու սուլոցը): Երբ որ տեղ հասնեք, գրեք իմանամ: Ահա իմ հասցեն (Հեղինեին տալիս է մի ծալած թուղթ):

ՆԱՎԱՎԱՐ -- Սպասեք: Սպասեք——Կուրղինյանի մոտ այդպես չէր, շատ հանպատրաստից ստացվեց:

ՀԵՂԻՆԵ -- (Գրկելով երկուսին): Ցտեսություն:

(Գնացքը կանգ է առնում. Հեղինեն վագոնավարի օգնությամբ բարձրանում է վագոն, ու քիչ անց լուսամուտից ձեռքով անում: Գնացքը շարժվում է:)

ՆԱՎԱՎԱՐ -- Գնաց . . . էլ հետ չի գա . . .

>>>

No comments:

Post a Comment