January 1, 2010

թող լինի պատ(կ)երազմ



Տեղի ունենալիք № 02

Լուսինե Թալալյան, Շուշան Ավագյան, Արփի Ադամյան

երեքով ու լիլիան որ եկել էր մեր հետ լիներ: սկզբում մտածում էինք չփաստագրենք “տեղի ունենալիք № 02”-ը բայց հետո լիլիան սկսեց նկարել ոչ մեկս էլ չգիտեինք թե ով ինչ է անելու ես գիտեի որ պառկելու եմ ձանձրացողի, հուսահատվածի պես ու կարծես թե նմանվելով հանդիսատեսին պասիվ որ մենակ լսում է կամ նայում էս դեպքում ես որոշել էի չտեսնել ու չլսել լինեի պասիվի դերում ու չգիտեի ինչքան կստացվի մոտս ու ինչքան կթողեն որ այդպես լիներ
պատկերասրահի դիմացն էինք մեջքով դեպի նոր տարվա տխմար եռագույն տոնածառին որ չգիտես ինչի այս տարի որոշել էին ավելի երկար սարքեն երևի իրենց տղամարդկային արժանապատվությանը վիրավորում էր հին չափը ու պառկեցի
շուշան ավագյանը սկսեց կարդալ “զարուբյանի կանայք”-ից հատված արփի ադամյանն էլ իր փափուկ գնդակով էր … երբ շուշանը սկսեց կարդալ մեկ մեկ բարձրացնելով ձայնը ու գոռալով արփին էլ իր կարծես թե թեթև գնդակով սկսեց խփել ոտքերիս քնելու մասին խոսք չէր կարող լինել բայց ամեն դեպքում հանգիստ պառկած էի երբ էլի շուշանը մի պահ բարձր սկսեց կարդալ ու ձայնը մոտեցավ ականջիս բացեցի աչքերս տեսնեմ ռետինե կապույտ ատրճանակը առնանդամի տեսքով շուշանի ձեռքին կրակում էր, արփին էլ ուրախ պտտեցնում էր իր գնդակը բայց էլի փակեցի մեկ էլ լսեմ ուժեղ ոտքերի հարվածներ գլխիս վերևը մի պահ ինձ թվաց հարձակվել են շուշանի վրա էլի բացեցի աչքերս բայց տենց էլ չհասկացա ինչ տեղի ունեցավ շուշանը մենակ էր իր կապույտ ատրճանակով ու էլի փակեցի աչքերս հետո լսվեցին մի խումբ տղաների ձայներ հայհոյանքներ ու բոմբերի պայթյուններ աչքերս բացեցի տեսնեմ մի խումբ տղաներ շատ ակտիվ բոմբեր են գցում մեր վրա բայց շատ բան չէի կարող տեսնել մենք բավականին ներքևում էինք ես պառկած նայողները վերևից էին ու հայհոյում էին ասի վայ մամա ջան մեռանք ու անընդհատ բացում փակում էի աչքերս տեսնեի իմ վրա կընկնի թե չէ բայց տենց էլ չկպան չգիտեմ ինչի երևի արփին ուշադիր նայում էր նրանց վրա հետո ասի ինչ լինի աչքերս չեմ բացի տեղի ունենալիքը ավարտվեց երբ լսեցի որ լիլիայի մազերի մեջ են գցել բոմբը արդեն չկարողացա պառկած մնամ ու տենց էլ չստացվեց իմ ուզածը անեմ նորտարվա գիշերը պատերազմը սկսել էր երբ վերկացա էտ մի խումբը գնաց ու դուրս եկանք տեղից ու նոր տղաների խումբ էր հավաքվել կամ էլ նրանք էին հետ էին եկել

* * *

Երբ 1992-ին Կոկո Ֆուսկոն և Գիլերմո Գոմեզ-Պենան կատարում էին իրենց համագործակցային պերֆորմանսը, “Սպիտակ արջի տարին ու երկու չհայտնաբերված Ամեր-հնդկացիների այցը Արևմուտք,” որտեղ Ֆուսկոն և Գոմեզ-Պենան հայտնվում էին տարբեր Արևմտյան քաղաքների թանգարաններում ոսկեզօծ վանդակի մեջ ու ցուցադրում իրենց "ավանդական" դերերը, կեցվածքը, հագնված որպես կիսավայրենի Գուատինաուցիներ (մի երկիր, որ իրականում գոյություն չունի), նրանց կերպարները հարցադրում էին Արևմտյան կոլոնիզացիային ծառայող ու "օտարին" արտադրող հայացքի ցանկություններն ու պահանջները: Հագնված արտառոց "բնիկների" պես, Գոմեզ-Պենան` դիմակավորված, Ֆուսկոն` հագած ծղոտե կիսաշրջազգեստ -- իսկ նրանց տեսնելու համար հանդիսատեսը պիտի վճարեր, երբեմն ոմանք հավելյալ գումարով վանդակի միջով նրանց բանան էին կերակրում -- վանդակի ներսից քննում էին "բազմամշակութային" լինելու այն հավակնությունը, որին նվիրված էին համարյա թե բոլոր Արևմտյան մշակութային հաստատություններն ու այն ֆորմալիստներն ու ռելատիվիստները, ովքեր հերքում էին ռասսայական (ինչպես նաև սեռականության) տարբերությունների առկայությունն ու այն, որ դրանք բացարձակապես հիմնավորում են արվեստի էսթետիկայի մեկնաբանումը: Մեր ակտը, Ֆուսկոյի ու Գոմեզ-Պենայի պերֆորմանսի պես, կամենում էր բացահայտել այն հակասությունը որով հանդիսատեսը պրոյեկտում է իր ցանկություններն ու քմահաճույքները մեզ վրա, թելադրելով մեզ թե մենք ով ենք և ինչ ենք ուզում աս/րած լինել:


Երբ հունվարի 1ին, ժամը 2:11, Լուսինե Թալալյանը, Արփի Ադամյանն ու ես իջանք ազգային պատկերասրահի դիմացի շատրվանների հատակը, շրջանաձև պատը դարձավ այն սահմանագիծը որով կրկեսի մանեժը բաժանվում է այն "իրական" տարածքից որտեղից դիտում է հանդիսատեսը: Այլևս մեր հանգիստ, փակ ու կոկիկ Զարուբյանի այգում չէինք, դուրս էինք եկել մեր “եդեմից,” որտեղ հրավիրում էինք մեր կարծեցյալ համախոհներին ու ցուցադրում կամ կատարում պլանավորված ու փորձված ակտեր: Ակտը պիտի տևեր հինգ րոպե. ում որ սպասում էինք (ընկերներ)` չեկան, ումից որ անհանգիստ էինք (ոստիկաններ)` մեզ չմոտեցան, բայց եկան ուրիշներ ու ստեղծվեց մի բացարձակապես տարօրինակ խոսակցություն: Մեր լեզուն նրանց համար օտար էր, իմ աչքի մատիտով նկարված բեղերն ու ձեռքումս բռնած ռետինե կապույտ դիլդոն, որով նշան էի բռնում ու կրակում անցուդարձողներին, հանդիսատեսին, հրահրում էր գռեհիկ ու պատերազմական պատասխաններ, խոսքեր որոնք պարզապես մեզ անիհիլացնում էին: Նրանք ովքեր չէին ուզում որ լինի պատերազմ կիրառում էին պատերազմական տակտիկաներ ու գործում էին կոնֆլիկտի ռեգիստրներում:


Կարդում էի "Զարուբյանի կանայք" գրքից այն հատվածը, որտեղ Լուսինեն և Շմավոնը հիշողությամբ կառուցում են Արաքսի առասպելական ելքը "հաստատությունից" (Որ դու՝ կանգնած դռան շեմքին, ճանաչելով նրան ու հասկանալով նրա ով լինելը, չնայած իր կերպարանափոխությանը, ու գիտակցելով որ բացահայտումը կնշանակի վերադարձնել նրան այնտեղ, որ մատնած կլինես՝ տալով նրա անունը, չմոտեցար ու թեքեցիր լարված հայացքդ, չտեսար թե ինչպես իջավ աստիճաններով դանդաղ` յուրաքանչյուր շարժումը հաշվարկած, բայց և անտարբեր, մի քայլը մյուսից ավելի աղոտ ու անհստակ: Սպասիր, սպասիր——Ու նրա հավատարմություն պահանջող ու միևնույն ժամանակ անհետացող կերպարանքը, այնտեղից՝ հաստատության մուտքից, ելնելով——այդ վայրկյանին, երբ դեռ չիջած, բայց արդեն ոտքն աստիճանին ու արդեն թողնելիս իր հետքը:): Այս հատվածում հիշողության կոնֆլիկտն է, հիշողության քաղաքականացումն ու պատմության ընտրողական բնույթը, "պատմությամբ" այստեղ ի նկատի ունեմ նարրատիվը, թե պատմողն ինչ նյութ է ընտրում պատմելու ընթացքում և ինչպես է այն ներկայացնում, ինչ ոճով: Արաքսն այստեղ վերածվում է փոխվող ժամանակաշրջանի, մարմնավորելով այն անցումային պահը, երբ քանդվում է սովետական Հայաստանի տնտեսական, մշակութային, քաղաքական համակարգը, փոխվում են արժեքները, հերքվում է հինը, բայց ցանկալի նորը դեռ չպատկերացված է (Մի սովետական ամբարձիչ կռունկ՝ թեքված անգլուխ արձանի վրա: Դեպի հրապարակ——այդպես չէր: Նորից արտագրում ես մեկ այլ գրքից————————): Քսան տարի անց, բովանդակությունը որքանո՞վ է իշխում տեքստին:

* * *

Այս պահից սկսած ապարատը էլ չէր տեսագրում
հայաստանյան ժամանակակից արվեստի մի նեղ, փոքր, սահմանափակ դաշտ

Ինչ է լինելու, հանկարծակի հայտնաբերողները մոտենում են տեղի ունենալիքին
ու հարձակվում հանդիսատեսի վրա

“ո՞վ ես/եք” արտահայտությանը զուգակցող հայհոյանքները

Միակ ձևը հասկանալու ագրեսիվ ներխուժումն է, պատասխան չստանալիս հարձակում, որը պահանջում է ընկալման մեխանիզմը

թող չլինի պատերազմ հանուն ինչի՞: հանուն համախմբվելու, հանուն միասնության, որոշակի արժեքներ պահել կարողանալու: ինչպիսի՞ արժեքներ: այդ ո՞ր արժեքներն են, որոնք պահում են բոլորիս միասին ու հանուն դրանց զենքերը պիտի ցած դրվեն

Մեծ գունդը բզբզան թելերի կծիկ, լցված չստացված ճեպանկարների էսքիզների ճմրթված թղթերով, թողնում էր ծանր ու վտանգավոր զենքի տպավորություն: Այն չէր կարող վնասել, սակայն վտանգի սպառնում էր դիտարկվում, երբ ամեն պտույտի ժամանակ իրենց մարմինների մոտով անցնելիս, բայց չհպվելիս հետ էր մղում բոմբեր նետող, հայհոյող, հարցեր տվող, զվարճացող երիտասարդներին

կարող է արդյոք պատերազմ չլինել, եթե մի տեսակի արվեստը անհասկացության տակ գնում է անհասկացության ու անտեղության

Պայուսակիս մեջ դրած փոքր գունդերը, որոնց մեջ խրված էին փայտե ձողեր -- իհարկե անվնաս, պլանավորած շպրտել ձմեռային հագուստի վրա, ոչ թե դեմքի -- պիտի ծառայեին որպես զենք

ինչու չտեսնել այն որ հանուն միասնության կանգնեցնում ենք միմյանց

արվեստագետը պարալիզի է ենթարկվել հանուն համախմբման

Տեղում, քնած աղջիկը պառկած էր ավազանի հատակին, բեղավոր աղջիկը կարդում էր ու կրակում արհեստական առնանդամով: Մարդիկ ովքեր ասել էին կգան` չէին գտել մեզ, կամ ուշացել, ոստիկանությունը կատարվելիքը չէր նկատում

ներկայանալ: ուրեմն որոնք են պատերազմի գործիքները

Սկզբում կարծես ամեն ինչ տեղի էր ունենում մեր ներսում: Հրապարակը լիքն էր, ձայները` շատ ու հատկապես կրակոցների ձայները -- նոր տարվա կապակցությամբ տղաների տոնի արտահայտումը մարդկանց ռեակցիան ակնկալելով պայթյունի իմիտացիան --

թող լինի անհանգստություն, որը կնշանակի, որ ինչ-որ բան չի համընկնում:
որ կան արժեքներ առաջնային առաջադրված: որ կան արժեքներ արհամարհված ու
չնկատված: թող լինի պատերազմ, որ հասկանաս որ դու հանդուգն դիմադրության առաջ ես

թող շարժվող երևույթները պտտեն իրենց ունակությունները
թող քունը լինի թրթռուն
թող ձայներին, դեռ մարմնից օտարված վիբրացիաներով
Ձեռքիս Փոքր գնդերը իմաստազրկվում էին

No comments:

Post a Comment