April 7, 2014

Զրույց Արփի Ադամյանի և Մելիսա Բոյաջյանի հետ

ըստ Միլենա Աբրահամյանի

«Արեգնազանը» հայկական հեքիաթ է, որը Ղազարոս Աղայանը գրի է առել 19-րդ դարի վերջում։ Այն մի հոր մասին է, ով ունի երեք երեխա, որոնցից երկուսն աղջիկներ են, իսկ երրորդ երեխայի՝ Արեգնազանի սեռն անհայտ է։ Հեքիաթի սկզբում հայրը հայտարարում է, որ Արեգնազանը նույնպես աղջիկ է, որպեսզի պաշտպանի նրան չար ոգիներից։ Եվ թեպետ Արեգնազանը հավատացած է, որ ինքն աղջիկ է, նա շատ հետաքրքրված չէ իր սեռին հատկացված բաներով։ Հոր խրախուսանքով, նա սովորում է զենք գործածել, ձի հեծնել, որսալ, և այլ բաներ, որ ավանդաբար տղաներն են անում։ Ի վերջո, Արեգնազանն ապացուցում է, որ նա արժանի է թագավորին ծառայելու և նրա համար կռվելու, և հայրը հայտարարում է նրան տղա, որպեսզի նա կատարի այդ պարտականությունը։
Երբ Արեգնազանը գալիս է արքայական ապարանք, նա ապացուցում է իր կարողություններն ու ուժը, երբ որսի ժամանակ արջի հարձակումից փրկում է թագավորին։ Թագավորի դուստրը՝ Նունուֆարը, սիրահարվում է Արեգնազանին, սակայն Արեգնազանը հրաժարվում է նրան տեսնել, մասամբ իր ընկալած «իսկական» սեռի հետ կապված շփոթվածության պատճառով։ Նունուֆարը՝ լինելով քմահաճ արքայադուստր և մերժվելով Արեգնազանի կողմից՝ ծանրապես հիվանդանում է։ Թագավորը Արեգնազանին ուղարկում է «անմահական ջուր» գտնելու. այն միակ միջոցն է, որ կարող է բուժել Նունուֆարի «հիվանդությունը»։ 
Ճանապարհին Արեգնազանը հանդիպում է աղավնի աղջկան, ով կերպափոխում է Արեգնազանին և դարձնում «իսկական» տղամարդ, ապա նրա համար գտնում և բերում է անմահական ջուրը։ Շարունակելով իր ճանապարհը Արեգնազանը գալիս է Քարացած քաղաք, որտեղ մի չար կախարդ բոլոր բնակիչներին, բացառությամբ կիսաքարացած թագավորի, քարի էր վերածել։ Արեգնազանը նրան կյանքի է բերում հավերժական ջրի օգնությամբ և միասին նրանք վերականգնում են թագավորությունը հաղթելով չար կախարդին։ Հերոսություններից հետո Արեգնազանը վերադառնում է արքայական ապարանք, Նունուֆարին տալիս է անմահական ջուրն ու փրկում նրա կյանքը։ Քանի որ ճամփորդությունների ժամանակ նա կերպափոխվել էր և դարձել տղամարդ, նա կարողանում է ամուսնանալ Նունուֆարի հետ, և նրանք ապրում են միասին երջանիկ մինչև խորը ծերություն։
«Կախարդական աշխարհ» վիդեո-ինստալյացիան այս հեքիաթի վերամշակումն է երկու արվեստագետների՝ Արփի Ադամյանի և Մելիսա Բոյաջյանի կողմից։ Վերջիններս օգտագործելով տարօրինակող ֆեմինիստական և ֆուտուրիստական հայացք փորձում են զորացնել հեքիաթի ավանդական կին կերպարներին և առաջարկել գենդերային դերերի այլ պատկերացում հայ ավանդական պատումների մեջ, ինչպես նաև կյանքում։

Միլենա Աբրահամյան. Կարո՞ղ եք մի փոքր պատմել, թե ինչպես սկսեցիք այս նախագիծը։

Արփի Ադամյան. Դեռ անցյալ տարվանից ես ու Մելիսան խոսում էինք համագործակցության մասին ու քննարկում տարբեր գաղափարներ։ Բայց բոլորովին անսպասելի էր, թե ինչպես հիշեցի Արեգնազանի պատմությունը։ Դա մի հեքիաթ էր, որը մայրս էր կարդում ինձ համար, երբ ես շատ փոքր էի, և որի մասին լրիվ մոռացել էի։ Հիշեցի անունը՝ Արեգնազան, և ուրիշ ոչինչ, բացի այն, որ հետաքրքիր պատմություն էր։ Նորից կարդացի ու հասկացա, թե որքան էր այդ պատմությունն ինձ վրա ազդել։ Երբ այս պատմությունը լսում ես որպես երեխա, քո մեկնաբանությունը բոլորովին այլ է, քան այն, թե ինչպես կմեկնաբանեիր որպես մեծահասակ։ Մեր պահպանողական հասարակության մեջ մենք անպատճառ չէինք շոշափի այս հեքիաթի ակնհայտ սեռային խնդիրները, քանի որ ենթադրվում է, որ մեկի սեռը և դերը հասարակության մեջ արդեն միշտ ֆիքսված են։

Մելիսա Բոյաջյան. Ես չեմ առնչվում այս պատմության հետ այնպես ինչպես Արփին և պատկերացնում եմ, որ եթե ինձ էլ այն կարդային վաղ հասակում, ես էլ կհետաքրքրվեի սեռային փոխակերպման մասին պատմությամբ։ Իհարկե, երբ հեքիաթին մոտենում ես ավելի քննադատաբար, ապա տեսնում ես, թե որքանով այն հայրիշխանական է, քանզի Արեգնազանը չի դառնում իսկական հերոս մինչև չի փոխում իր սեռը և դառնում տղամարդ։ Բայց որքան էլ քննադատես, իրականության մեջ հեքիաթն իրոք շատ արտասովոր է, քանի դեռ կա սեռի անհայտության մասին սկզբնական պահը։

Միլենա Աբրահամյան. Ուրեմն պատմության մեջ ակնհայտորեն կան շատ մասեր, որտեղ քիչ թե շատ հանդիպում ես հայրիշխանական գաղափարախոսությանը։ Գիտեմ, որ պլանավորում եք այն վերամշակել ավելի տարօրինակող ֆեմինիստական տեսանկյունից։ Հետաքրքիր է, թե ինչպես եք փոփոխելու կամ վերիմաստավորելու պատմությունը, որ այն ընթերցվի կամ դիտվի այս արմատապես տարբերվող տեսանկյունից։ Մասնավորապես, ո՞ր տարրերն են, որոնք կարող են երևակայությունը հրել սեռի և հայ ընտանիքի վերաբերյալ ավանդական պատկերացումներից անդին։

Մելիսա Բոյաջյան. Նախ, Արեգնազանի սեռը մինչև վերջ պահելու ենք հնարավորինս անորոշ. Արեգնազանը չի վերածվում տղամարդու։

Արփի Ադամյան. Փաստորեն Արեգնազանը մարմնավորում է միանգամից երկու սեռ։ Եվ քանի որ դերանունների դեպքում հայերենում չկա այն սեռային դինամիկան, որն առկա է անգլերենում, նախատեսված անորոշությունն է՛լ ավելի հեշտ է ստեղծել։ Իհարկե, այլ բան է, երբ թարգմանում ես մեկ այլ լեզվի (օրինակ՝ հայերենից անգլերենի) և կամ խոսում անգլերենով (ֆիլմի ստեղծման ցանկացած փուլում), այդ սեռային անորոշությունը շատ դժվար է արտահայտել, հաճախ շփոթեցնում է։ Բայց երբ պատմությունը կարդում ես հայերենով, ոչ մի շփոթություն չի առաջանում։ Ամեն ինչ աշխատում է։

Արեգնազանի դերակատարը լինելու է երիտասարդ կին։ Աղայանի հեքիաթում աղավնի աղջկա հետ հանդիպումը կարևոր պահ է, երբ Արեգնազանն ապրում է մարմնական փոխակերպում և դառնում է տղամարդ։ Մենք փորձում ենք ցույց տալ որ դա անպայմանորեն ֆիզիկական անցում չէ, այլ ավելի շատ մտային անցում կամ մտքի ընդլայնում։ Աղավնի աղջկա կերպարը օգնում է Արեգնազանին հասկանալու, որ նա չպետք է ընտրություն կատարի սեռերի միջև և որ չպետք է երկատի ինքն իրեն ըստ եղած սեռային մոդելների։ Այնպես որ փոխակերպված Արեգնազանը մարմնավորում է մեկին, ով հրաժարվում է բաժանել ինքն իրեն մասերի։

Մելիսա Բոյաջյան. Մենք փոխել ենք նաև Նունուֆարի կերպարը. նա այլևս չի ներկայանում որպես հիվանդ արքայադուստր։ Նա պատմության մեջ ունի գրեթե երկրորդ գլխավոր կերպարի դերը։ Թեև հերոսը ինչ-որ առումով Արեգնազանն է, մենք փորձում ենք շրջադարձել այս դինամիկան, որպեսզի պատմությունը միայն անհատականության վրա հիմնված չլինի։ Նունուֆարը և Արեգնազանը միասին են փրկում Քնած քաղաքի քաղաքացիներին։ Նրանք ուժ են տալիս քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ազատագրվեն։

Արփի Ադամյան. Դե գիտեք, որ հեքիաթում կա արքայություն և որ Նունուֆարն արքայադուստր է, այսինքն արտոնյալ մեկը։ Մենք փորձել ենք նաև խաղալ դասի կամ կաստայի ավանդական պատկերումների հետ։ Նունուֆարն այլևս արքայադուստր չէ, նա կիբորգ է՝ թե օրգանական և թե մեխանիկական մասերով։

Մելիսա Բոյաջյան. Փոփոխվել է նաև Քարացած քաղաքը, մեզ մոտ այն դարձել է Քնած քաղաք։ Աղայանի հեքիաթում քաղաքի բնակիչները քարացվել էին, իսկ մեր տարբերակում նրանք փակ աչքերով անում են (կրկնում են) միևնույն բաները։ Սա խորհրդանշական է և հղում է Հայաստանի իրականությանը, հատկապես ներկայիս սոցիալ-տնտեսական գործոնների համատեքստում։ Եթե Հայաստանի մասին որևէ բան գիտեք, ապա հայտնի է, որ 90-ականներին տեղի ունեցավ տնտեսական փլուզում, որ այդ տարիներից ի վեր շատ մարդիկ գործազուրկ մնացին կամ, եթե ունեն աշխատանք, ապա աշխատում են նվազագույն աշխատավարձով, ինչը հազիվ է բավարարում կենցաղային ծախսերի համար։ Սա իհարկե կապված է բոլոր ռեսուրսների մասնավորեցման էտապի հետ։ Այստեղ շատ փոքր է հարուստ մարդկանց թիվը և նրանք հարստացել են ապօրինի ճանապարհներով։ Նման կոռուպցիան հասնում է ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանը, ով արդեն երկու անգամ ընտրվել է անօրինական ճանապարհով։

Արփի Ադամյան. Գուցե առաջին անգամ լսելով Քնած քաղաքի անունը ստեղծվում է տպավորություն, որ բոլորն այնտեղ քնած են և ինչ-որ բան է տեղի ունենում նրանց քնի ընթացքում, որը նրանք չեն տեսնում։ Բայց իրականում այդպես չէ։ Խոսքն այստեղ գնում է ավելի ընդհանուր մտային վիճակի, իրավիճակի մասին, որտեղ մարդիկ պարզապես չեն կարողանում զարթնել։

Բայց ես կցանկանայի վերադառնալ Նունուֆարի կերպարին։ Նախևառաջ, մեզ համար հետաքրքիր էր պահել իր հեքիաթային անունը և չփոխել այն, ինչպես հաճախ անում են վերամշակումներում։ Դե գիտեք, վերամշակման ժամանակ կարող են փոխվել կերպարների անունները, արտաքինը և ֆունկցիաները։ Մենք պահեցինք նրա շատ կանացի, գրեթե փխրուն անունը, սակայն փոխեցինք նրա արտաքինն ու ֆունկցիան։ Նունուֆարն, ինչպես գիտեք, արքայադուստր է հեքիաթում և նա արքայության մասնիկն է, որտեղ բազմաթիվ եղանակներով պաշտպանված է ու արտոնված։ Մեզ համար կարևոր էր նրան դուրս բերել այդ համատեքստից։ Մեր տարբերակում նրա ընտանիքի մասին շատ բան չգիտենք։ Այսպիսով նա դառնում է ավելի անկախ և շարժունակ։ Մենք վերանայում ենք նահապետական այն պատկերացումը, թե տղամարդը (Արեգնազան) կարող է հեռանալ տանից և ճանապարհորդել, իսկ կինը (Նունուֆար) պետք է մնա տանը և սպասի տղամարդուն։

Մելիսա Բոյաջյան. Սրանք այն գործողություններն են, որոնք վերցված են հայ մշակույթի նահապետական տեսակետից, լինի դա թե պատմության, թե նույնիսկ ներքին կյանքի ոլորտը։

Արփի Ադամյան. Օրինակ, Արեգնազանը պարանի օգնությամբ է դիմադրում հորը։ Այս գործողությունը հղում է Արտաշեսի և Սաթենիկի պատմությանը։ Ըստ Մովսես Խորենացու, Արտաշեսը գերում է Սաթենիկին պարանով և այդպես կարողանում է նրան «իրենով անել»։ Մեր պատմության մեջ Արեգնազանն է, ով պարանով գերում է իր վրա հարձակվողին, ում նա չի ճանաչում և չգիտի, որ իր հայրն է, և ում նա չի ցանկանում «իրենով անել»։ Նա պարզապես պայքարում է ճանապարհին իրեն կանգնեցնողի դեմ։ Այս դրվագով մենք ոչ միայն ցույց ենք տալիս, թե ինչ է տեղի ունենում հայրիշխանական հասարակության մեջ, այլև անդրադառնում ենք գենդերային կոդերին։ Մենք փորձում ենք խաղալ այդ կոդերի հետ, որ մենք յուրացրել ենք, որպեսզի փոխենք դրանք՝ ծայրահեղության հասցնելով։ Եթե երբեմն քննադատությունը ստեղծում է ահռելի մեծ լարվածություն, այն կարող է վիրավորել մեր հասարակության մեջ ապրող որոշ խմբերի, սակայն երբ ինչ-որ բանի քննադատությունը դրվում է ծայրահեղության հարթակի վրա, հասցվում է աբսուրդի, այն դառնում է ավելի շոշափելի (զգալի)։ Աբսուրդն իրոք արտակարգ մեթոդ է որևէ խնդրի հետ աշխատելու համար։

Մելիսա Բոյաջյան. Որպես սփյուռքահայ կարող եմ վկայել, որ շատ սփյուռքահայեր ապրում են անցյալում։ Իմ ընտանիքի մշակութային իրականությունն ուղղակիորեն շատ տարբեր է ու անհամեմատելի այստեղ ապրող մարդկանց իրականությունից։ Բայց ինձ համար կարևոր էր կարողանալ պատկերացնել մի բան, որն անցյալում չէ։ Ինչպես նաև մի ապագա, որտեղ հնարավոր կլիներ փոխել իրականությունը։ Ահա սա էր էականը և այս պատմության վերապատումը ապագայում։

Կարծում եմ, որ Հայաստանը որպես հանրապետություն և որպես ամբողջ աշխարհով մեկ սփռված ժողովուրդ շատ կարևոր հարց է։ Ի՞նչ է նշանակելու լինել հայ հիսուն տարի անց։ Կլինե՞ն արդյոք այստեղ ապրողներ։ Գիտեմ, որ շատ մռայլ է հարցադրումս, բայց հուսով եմ, որ կլինեն։ Ամեն դեպքում ինձ համար կարևոր էր կարողանալ պատկերացնել մի բան, որ ապագայում կծառայեր որպես փոփոխությունների համար ներուժ։

Արփի Ադամյան. Ապրելով մի շատ պահպանողական հասարակության մեջ, այս պատմության համար նման ապագայական տեսակետ որդեգրելն ինձ հնարավորություն է տալիս փոխել ինչ-որ բաներ շատ ավելի արագ տեմպերով, քան թե ինչպես որ փոփոխությունները տեղի են ունենում այսօր Հայաստանում։ Այս տիպի ծխական հասարակության մեջ ամեն ինչ հակված է մինիմալ փոփոխության և այն էլ շատ դանդաղ։ Ամեն ինչ մնում է միևնույն պահպանողականության, կարգի, ավանդույթների, և այլնի սահմաններում։ Մենք հաճախ տեսնում ենք, թե ինչպես մարդիկ, ովքեր փորձում են որևէ բան փոխել միևնույն է շարունակում են մնալ այդ պահպանողականության շրջանակում։ Վերցնենք, օրինակ, հենց այսօրվա «հեղափոխական» շարժումները Հայաստանում։

Միլենա Աբրահամյան. Մի քիչ ավելի խորանանք այն հարցի մեջ, թե ձեր արածը ինչ է նշանակում Հայաստանի համար և գուցե ոչ միայն Հայաստանի, այլև Հայաստանից դուրս գտնվող հայերի համար։ Ինչպե՞ս եք ստեղծում այդ կապերը։

Մելիսա Բոյաջյան. Կան բաներ, որոնք կարծում եմ ակնհայտ են շատ հայ ընտանիքներում անկախ նրանից, թե նրանք որտեղ են գտնվում։ Օրինակ, իմ ընտանիքը ծայրահեղ հայրիշխանական է։ Ամեն դեպքում, կան ավանդույթներ, որոնք կիրառվում են ավելի լայն մասշտաբով, նույնիսկ եթե որոշ բաներ համարվում են օրինաչափական մասնավորապես այստեղի՝ Հայաստանի համար։

Արփի Ադամյան. Երեխան սովորում է շփվել մարդկանց հետ և պատմություններ վերծանել հասարակությամբ կարգավորված ձևով։ Հասարակությունը սկսում է քեզ «հղկել» ըստ իր կանոնների ու կոդերի, որպեսզի խաղաս քեզ հատկացված դերը։ Ահա սա է խնդիրը։ Ի՞նչ կլիներ եթե Արեգնազանի սեռը կախված չլիներ իր հորից, աղավնի աղջկանից, կամ քմահաճ արքայադստեր սիրուց։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արեգնազանը խաղում (իրականացնում) ուրիշների ցանկությունները, մի բան, որը շատ բնորոշ է հայկական մշակույթին, որտեղ երեխային շատ վաղ տարիքից վարժեցնում են ունենալ ցանկություններ (ցանկանալ) ըստ այն կոդերի, որոնք արդեն իսկ սահմանված են նրա համար հասարակության կողմից։

Մեզ երբեք չեն սովորեցնում, որ մենք ինքներս կարող ենք մեզ համար ընտրություն անել։ Որ մենք կարող ենք փոխվել ու փոխակերպվել։ Դա մեր մշակույթում բացարձակապես գոյություն չունի։ Ինձ համար Արեգնազանի պատմության վերամշակումը նշանակում է ստեղծել կերպարների մի ամբողջություն, որոնք կունենան ընտրելու և մի շարք հարաբերությունների ու հակամարտությունների միջոցով փոխակերպվելու հնարավորություն։ Սա նաև այն փաստն է, որ բնագիր հեքիաթն ինձ համար հետաքրքիր դարձրեց. այն որ կա վերափոխման հնարավորություն, քանի որ, ինչպես տեսնում ենք, հեքիաթում Արեգնազանն ամեն դեպքում փոխվում է։ Իհարկե, այս փոփոխությունը տեղի է ունենում իր աշխարհի շրջանակներում հերոսի համար պատշաճ կամ թույլատրելի նորմերում, բայց նա միևնույն է փոխվում է ամեն հնարավոր կերպ։

Դա նման է այն խաչմերուկին, որի մեջտեղում են հայտնվում հեքիաթների հերոսները։ Հայկական հեքիաթների կին հերոսները սովորաբար չեն ունենում նման բան անելու հնարավորություն, բայց ահա Արեգնազանն այն հերոսն է, ով ունի խաչմերուկում կանգնելու և իր ուղին ընտրելու հնարավորությունը։ Եվ սա այն է, ինչ, կարծում եմ, ամենաէականն է այս հեքիաթում և դրա վերամշակված տարբերակում. փոփոխություն և փոխակերպում, սա մեզ համար, որպես մի հասարակություն, ամենաանհրաժեշտ բանն է։

Միլենա Աբրահամյան. Այսինքն, դա մի բան է, որն ազդում է բոլորի վրա, և որի հետ բոլորս կարող ենք առնչվել։ Դա ոչ միայն այն մարդկանց համար է, ովքեր մտածում ու աշխատում են կենսաբանական և մշակութային սեռի խնդիրների շուրջ։

Արփի Ադամյան. Այո, այս պատմությունը միանշանակորեն բարձրացնում է սեռի հարցը, բայց արծարծում է նաև սերունդների (սերնդային), ավանդույթների և դրանցից դուրս ապրելու, տարբեր կենսաոճեր որդեգրելու հարցերը։ Բայց ամենագլխավորը փոփոխության և փոխակերպման հարցն է, որը կարող է սեռի հարցից էլ անդին գնալ։

Մելիսա Բոյաջյան. Կան նաև բազմաթիվ կապեր այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկրում հենց հիմա, ի նկատի ունեմ տնտեսապես և քաղաքականապես։ Անշուշտ ուղղակիորեն այս բաների մասին ֆիլմում չենք խոսում, բայց Հայաստանի այսօրվա խնդիրներից շատերն իրենց մասին իմաց են տալիս մեր վերամշակված տարբերակում։

Արփի Ադամյան. Օրինակ, մենք ունենք մի օլիգարխային կերպար, մեկը, ով բարգավաճում է կեղծավորության ու խարդախության հիման վրա . . .

Մելիսա Բոյաջյան. Այս կեպարը ծառայում է որպես խնդրի խորհրդանիշ և չի մարմնավորում կոնկրետ որևէ մեկին։

Նշեմ նաև մի կարևոր առանձնահատկություն. մեր բոլոր կերպարների դերակատարները կանայք են, բացառությամբ մեկից, ով խաղում է Նունուֆարի լավագույն ընկերոջ դերը։ Թե օլիգարխի կերպարը և թե հոր կերպարը խաղում են կանայք։ Սրանով հղում ենք անում 1930-ականների հայ թատրոնին, և մասնավորապես Սիրանուշին, ով հաճախ խաղում էր տղամարդու դերեր։ Ինչ որ տեղ նա էր, որ հանրայնացրեց այս տենդենցը հայկական թատրոնում։

Միլենա Աբրահամյան. Դուք սկսել էիք Ինդիգոգո ինտերնետային դրամահավաք և մնացել է չորս օր, որպեսզի այս արտակարգ նախագծի համար հավաքվեն անհրաժեշտ միջոցներ։ Կարո՞ղ եք ամփոփել, թե ինչու է անհրաժեշտ աջակից լինել այս նախագծին։

Մելիսա Բոյաջյան. Նախ, որովհետև անհրաժեշտ է, որ Հայաստանում լինեն (և Հայաստանը ներկայացնեն) հզոր, ոչ նահապետական կերպարների պատկերումներ։ Եվ որովհետև պարզապես անհրաժեշտ է վերանայել որոշ ավանդույթներ։ Մարդիկ պետք է աջակցեն մեզ, որովհետև այն լինելու է մի հրաշալի գործ։ Այն հրաշալի գործ է։

Արփի Ադամյան. Նաև որովհետև բուն հեքիաթը ինչ-որ տեղ եզակի է այն առումով, որ պատմում է անցյալում գտնվող մի արքայության մասին, որտեղ արծարծվում է սեռային անցման գաղափարը, ընկալված սեռը թաքցնելու կամ ուրիշ սեռ խաղալու միտումը։ Այնպես որ, կարծում եմ, որ այս պատմությունը հետաքրքիր է ոչ միայն հայ մշակույթի համատեքստում և չգիտեմ, եթե այլ մշակույթներում կան նմանատիպ պատմություններ։

Իրականում ես շատ ուրախ եմ այն բոլոր դրական արձագանքների համար, որ մենք ստացել ենք մարդկանցից, ովքեր աջակցում են մեր այս նախագիծը։ Ուրախ եմ տեսնել, որ մենք անում ենք մի բան, որ շատ մարդիկ իսկապես հավատում են անհրաժեշտ է նրանց համար հասկանալու այն մշակույթը, որտեղ իրենք ապրում են։ Այնպես որ, սա հենց այնպես պատմություն չէ, ուղղակի վերամշակում չէ. այն շատ կապակցված է մեր կյանքին։ Մենք զգում և ապրում ենք այդ ամենը։ Մենք ապրում ենք այդ ավանդույթները, ինչպես նաև վերափոխում ենք դրանք։

Այս ֆիլմի միջոցով ու շնորհիվ մենք ներկայացնում ենք ոչ միայն մեզ, այլև շատ այլ մարդկանց, ովքեր չեն մտածում ավանդական կամ պահպանողական ձևով։

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է աջակցի մեզ ըստ իր աշխարհընկալման, որպեսզի մեզ համար հնարավոր լինի իրականացնել այս նախագիծը։ Միշտ ոգևորիչ է տեսնել, որ մարդիկ ուզում են փոփոխություն։ Եվ աջակցել այս նախագծին նշանակում է հենց դա։

Բնագիրը տես այստեղ >>
ապրիլ 18, 2013

No comments:

Post a Comment